UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան պատասխանել է այն պնդումներին, որոնց համաձայն ինքը խուսափում է նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ մենամարտից։
Վրացի մարտիկը Ծառուկյանին հիշեցրել է Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից հրաժարվելու մասին, որը պետք է կայանար 2025 թվականի հունվարին (UFC 311)։
«Մեզնից յուրաքանչյուրը՝ մարտիկներս, առնչվել ենք մեջքի ցավերի հետ, բայց միևնույն է՝ դուրս ենք եկել մենամարտելու։ Իսկ նա չգիտես ինչու՝ ոչ։ Նա գիտի, թե մենք ինչի մասին էինք խոսում այն ժամանակ։ Այդ որոշումն ընդունելուց հետո նա ստիպված էր փոխել շորտերը։
Նա չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվեց մենամարտից», — Թոփուրիայի խոսքերը մեջբերում է ACD MMA-ը։
Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին։ Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որն անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։