Եվրասիական տնտեսական ընդլայնված կազմով բարձրագույն խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց ԵԱՏՄ շրջանակներում համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը։
Նա նախ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին հյուրընկալության և ԵԱՏՄ նիստի՝ բարձր մակարդակով կազմակերպման համար։
«Ընթացիկ տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ միջազգային համագործակցության համար։ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս միության դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացմանը, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությամբ։
Միասնական ծառայությունների շուկան բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ բիզնես միջավայր։ Այս ոլորտը պետք է ավելի դինամիկ զարգանա, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի վրա»,-ասաց նա։
Այնուհետև իր ելույթի խոսքում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևին։
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար», - ասաց Փաշինյանը։