Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Վենեսուելայում կհանգեցնեն «հումանիտար աղետի»։ Նա այս մասին ասել է MERCOSUR հարավամերիկյան դաշինքի գագաթնաժողովում՝ ընդգծելով, որ օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությունը Հարավային Ամերիկայում վտանգավոր նախադեպ է։
Լուլայի հայտարարությունը հնչել է ԱՄՆ–Վենեսուելա հարաբերությունների աճող լարվածության ֆոնին, ինչպես նաև այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել պատերազմը Վենեսուելայի դեմ։ Վերջին ամիսներին ԱՄՆ զինված ուժերը ուժեղացրել են իրենց ներկայությունը Կարիբյան ավազանում և ավիահարվածներ հասցրել ենթադրյալ թմրավաճառների նավերին։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այս գործողությունները համարում է իր ռեժիմը փոխելու փորձ։
Լուլան հիշեցրել է Ֆոլկլենդյան պատերազմը՝ նշելով, որ «քառասուն տարի անց մայրցամաքը կրկին բախվում է օտարերկրյա պետության ռազմական ներկայությանը»։ Նա հավելել է, որ «զինված միջամտությունը Վենեսուելայի գործերին կդառնա հումանիտար աղետ ամբողջ կիսագնդի համար և վտանգավոր նախադեպ ամբողջ աշխարհի համար»։
Նախագահը նաև հայտնել է, որ խորապես մտահոգված է Բրազիլիայի սահմաններին աճող ճգնաժամով և պատրաստ է միջնորդել՝ կանխելու զինված հակամարտությունը։ Նա հշել է, որ արդեն տեղեկացրել է Թրամփին, որ «խնդիրները կրակոցներով չեն լուծվում, ավելի լավ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծում գտնել»։
Ըստ հաղորդումների, ԱՄՆ հարվածների հետևանքով առնվազն 104 մարդ է զոհվել, սակայն Վաշինգտոնը դեռևս չի ներկայացրել ապացույցներ, որ այդ նավերը իրականում տեղափոխում էին թմրանյութեր։ ԱՄՆ կառավարությունը մեղադրում է Մադուրոյին նարկոկարտելի ղեկավար լինելու մեջ, սակայն վերջինս հերքում է այդ մեղադրանքները։ Թրամփը նաև հայտարարել է պատժամիջոցների տակ գտնվող նավթային տանկերների բլոկադայի մասին։