Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իր այցը հայ-լեհական երկկողմ հարաբերություններում նոր փուլի ազդարարում և արձանագրում է։
«Այսօր մենք հանդիպում ենք Ձեզ՝ որպես Լեհաստանի վարչապետի, բայց Հայաստանը Ձեր մասին ունի շատ վառ հիշողություններ և բարձր է գնահատում Ձեր գործունեությունը Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետև Հայաստանը միշտ զգացել է Ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։
Իմ անձնական փորձն այդ ընթացքում նույնպես մեծ է․ ձևավորվել է վստահության զգալի պաշար, և ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, ինչպես նաև այն աջակցության համար, որը Լեհաստանը ցուցաբերում է Հայաստանի Հանրապետությանը ամենատարբեր ուղղություններով և ոլորտներում, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում։ Մենք այդ աջակցությունը զգացել ենք»,- դիմելով Տուսկին՝ ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ կարևորում է Լեհաստանի վարչապետի գնահատականը նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված՝ Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի վերաբերյալ։
«Ձեր քաջալերող խոսքերը մեզ նոր վստահություն են տալիս՝ ավելի վստահ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որը մեր առաջնային նպատակն է՝ Հայաստանը դարձնել եվրոպական և Եվրամիության չափանիշներին համապատասխան երկիր։ Ժողովրդավարական բարեփոխումները բարդ գործընթաց են, դրանք իրենց հետ բերում են մարտահրավերներ, կասկածներ և մեղադրանքներ։ Մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր լինելը նշանակում է լինել թույլ երկիր, ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը։ Կարծում եմ՝ Լեհաստանն այս առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես ժողովրդավարությունը կարող է համակցվել ուժեղ տնտեսության և անվտանգային համակարգի հետ»,- ասել է Փաշինյանը։