ԱՄՆ-ն առաջարկել է հանդիպման ձեւաչափ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ եւ Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Զելենսկին, մասնավորապես, նշել է. «Իսկապես, ԱՄՆ-ը հայտարարել է, որ առանձին հանդիպում կունենա Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Եվ նրանք առաջարկել են այս ձեւաչափը՝ Ուկրաինա, Ամերիկա, Ռուսաստան եւ, հավանաբար, Եվրոպայի ներկայացուցիչներ»:
Նա նաեւ հավելել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։
«Տրամաբանական կլինի նման համատեղ հանդիպում անցկացնել այն բանից հետո, երբ հասկանանք արդեն կայացած հանդիպման՝ Ամերիկա եւ Ուկրաինա, հնարավոր արդյունքը: Մեր թիմը կկապվի ինձ հետ, կներկայացնի երկխոսության առաջին փուլի արդյունքները, եւ այդ ժամանակ մենք կհասկանանք, թե ինչ անենք այնուհետեւ»,-նշել է նա: