00:00:00

Քրիստոնյա առաջնորդների մի խումբ Հռոմի պապին կոչ է արել օգնելու Ադրբեջանի հայ բանտարկյալների ազատ արձակմանը

23:10, 25 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Կաթոլիկ և հայ առաքելական առաջնորդների մի խումբ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ է արել հորդորելու ազատ արձակել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախցի հայ բանտարկյալների՝ հղում անելով նրանց վիճակի վատթարացմանը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը։

The Christian Post-ի տրամադրության տակ հայտնված կոչն ուղարկվել է Սուրբ Ծննդի նախօրեին և բանտարկյալներին նկարագրում է որպես 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների զոհերի։

Տասից ավելի ստորագրողների թվում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության թոշակի անցնող կարդինալ Թիմոթի Դոլանը և Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։

«Նրանց ընտանիքների հետ առանց այն էլ սահմանափակ շփումը վատթարացավ, երբ Ադրբեջանն անցյալ տարի երկրից վտարեց Կարմիր խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ոտնահարվում են»,- նշվում է նամակում։ Նամակը ստորագրողները նշել են, որ այս տղամարդիկ՝ ռազմագերիները, այն մոտ 80 մարդկանց թվում են, որոնք անհետ կորել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումից հետո։

Նրանք մտահոգություն են հայտնել, որ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հասանելիությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքը խախտվում է կալանքի տակ։ Նամակում մեջբերվել են հաղորդագրություններ նրա մասին, որ Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» իրականացրած գործողություններին գերազանցող մասշտաբով։

Հեղինակները սա անվանել են տարածաշրջանում գրեթե 2000-ամյա քրիստոնեական ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։

«Ադրբեջանի արշավը տարածվում է կենդանի մնացածների բանտարկությունից մինչև մեր ամենասուրբ ժառանգության ոչնչացումը,- նշվում է նամակում,- Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղում ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ, քան «Իսլամական պետությունն» է ոչնչացրել Իրաքում և Սիրիայում՝ ոչնչացնելով քրիստոնեական քաղաքակրթության գրեթե երկու հազարամյակ, որոնց թվում՝ միջնադարյան եկեղեցիներ, վանքեր և անթիվ սրբավայրեր»։

Նամակը ստորագրել են նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանսուա Բեյրուտին, Հակասեմիտիզմի դեմ կաթոլիկ կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնե Ռիզկալլան և ուրիշներ։

Խումբը Հռոմի պապին խնդրել է գործել Սուրբ Ծննդի տոներին ընդառաջ՝ այս շրջանն անվանելով ողորմածության և վերամիավորման ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր