«Հայոց Հայրապետը հանձնառու է ցկյանս իրականացնել իրեն շնորհված աստվածային առաքելությունը»,- այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ նշելով, որ վեհափառն անսասան է, եռանդով լի է:
Հայր Սուրբը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենյան Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 բարձրաստիճան հոգևորականների՝ Մայր Տաճարի բակում երեկվա հավաքին, նշեց, որ վեհափառ Հայրապետը կանոնազանց սրբազաններին կոչ է արել վերադառնալ կանոնական դաշտ։
«Հայրապետը խոսք ուղղեց այդ կանոնազանցներին՝ իրեն հատուկ վեհությամբ նրանց հասցեին արտաբերելով «Սրբազան Հայրեր» դիմելաձևը: Եթե նրանք ունեին որևէ խնդիր, որևէ բողոք, որևէ անհանգստություն, շատ լավ գիտենալով եկեղեցու ժողովական կառույցներն ու հնարավորությունները, այդ հարթակներում կարող էին ներկայացնել: Եթե իրենք խնդիրներ ունեին, կարող էին ներկայացնել անցնող 26 տարիների ընթացքում: Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ մեկի գործողությունն ու անձը, ընդամենը կարձանագրեմ մեր հավատավոր ժողովրդի վերաբերմունքը և կեցվածքը, այդ ամենն ասաց՝ ով ով է, և ով ինչի համար էր եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- նկատեց հոգևորականը: