Լոգիստի լուծումները վկայում են այն մասին, որ կա մեծ ներուժ, որը մենք պետք է բացահայտենք: Այս մասին Ղազախստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է 1Lurer.am-ը։
«Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն»,- նշել է նա։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այլընտրանքային լոգիստիկ ուղիների, այդ թվում՝ երկաթուղային և օդային, ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի ակտիվացման համար։ Նա նշել է, որ միջազգային առևտրում լոգիստիկ ծախսերը և հնարավորությունները կարևոր նշանակություն ունեն։ Այս համատեքստում Ղազախստանի հետ նոր լոգիստիկ լուծումներ գտնելը Հայաստանին մեծ հնարավորություն է ընձեռում։ Որպես օրինակ՝ փոխվարչապետը նշել է ցորենի ներկրումը, որը ցույց է տվել այլընտրանքային մատակարարումների կարևորությունը։
Անդրադառնալով Հայաստանի Կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է դրա լուրջ տարածաշրջանային նշանակությունը։
«Անհնարին է, որ «Խաղաղության խաչմերուկը» մեծ լոգիստիկ նշանակություն չունենա մեծ ռեգիոնալ իմաստով»,- ասել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ Ղազախստանը ևս կլինի «Խաղաղության խաչմերուկի» շահառուներից։
Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։