Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով: 25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների եւ դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաեւ ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են եւ ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» եւ մի շարք այլ ծրագրեր:
Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, եւ այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաեւ 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման եւ զարգացման հայեցակարգը: