«Նպատակն ակնհայտ է՝ փետրվարին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի տապալումը»,- Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ հալածանքի նոր ալիքին անդրադառնալով՝ նշում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր են հանձնել, կանչել ՔԿ՝ պնդելով, թե նրանք «մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:
«Նրանց որպես մեղադրյալ են ներգրավելու և կիրառելու են բացակայելու արգելք խափանման միջոց, արգելելու են նրանց Հայաստանից դուրս գալ և դրանով փորձելու են խափանել Եպիսկոպոսաց ժողովը, որովհետև մտավախություն ունեն ժողովի արդյունքների հետ կապված»,- ասում է իրավապաշտպան Մելիքյանը։
Նա ընդգծում է՝ որպես «մեղադրյալ» են դիտարկում ոչ միայն Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին, այլև Վեհափառ Հայրապետին՝ դե ֆակտո.
«Իսկ թե երբ դա Վեհափառ Հայրապետի մասով դա ֆորմալ առումով կձևակերպեն, թղթաբանության «մեղադրյալ» կհռչակեն, ընդամենը ժամանակի հարց է։ Ցանկացած րոպե նույն խայտառակությունը կարող է տեղի ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, և ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞վ է ստորագրելու այդ որոշումը՝ առաջին հերթին դատախազությունից, որովհետև դատախազությունն է քրեական հետապնդում հարուցողը, ու՞մ են դնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին «մեղադրյալ» ճանաչելու այս ծանրագույն մեղքի տակ»։