Հաջորդ տարվա աշնանը ՏԻՄ մեծ ընտրություններ կանցկացվեն. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ըստ նրա՝ այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ։
Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններ մեծամասնական կարգով կանցկացվեն միայն այն համայնքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով, ինչպես, օրինակ՝ Լերմոնտովոն, Ֆիալետովոն, Ֆերրիկը, Շամիրամը, Արևուտը, Արզնին և այլն։
Հովակիմյանը նշեց, որ բացառությամբ Գյումրու, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ. «Մարզկենտրոններում ևս սպասվում են համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ՝ Արտաշատում, Աշտարակում, Արմավիրում, Գավառում, Հրազդանում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Եղեգնաձորում»։
ԿԸՀ նախագահն ասաց, որ ՏԻՄ ընտրությունների անցկացման համար 3 օր են ընտրել՝ հավասարաչափ բաշխելով համայնքներում։
Նշենք, որ արդեն որոշվել են օրերը՝ սեպտեմբերի վերջին կիրակին՝ 27-ը, հոկտեմբերի վերջին կիրակին՝ 25-ը, նոյեմբերի վերջին կիրակին՝ 29-ը։ Առայժմ հստակ չէ, թե որ համայնքներում որ օրերին կլինեն ընտրություններ։