00:00:00

«Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին». Հայր Ասողիկ

23:09, 19 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի հրապարակումը.

«Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» «գործակալ» է:

Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք:

Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:

Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել:

Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:

Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ: Իսկ թե ինչո՞ւ՝ այլևս պարզ է ու որոշ ամենքի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր