Հայաստանում ԵՄ առաքելությունը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:
Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին եւ խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի եւ միջազգային ջանքերին: