Ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները:
Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։
Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։