Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին: Աջակցությունը կտրամադրվի միանվագ նպաստի ձևով և բխում է կառավարության և՛ սոցիալական օժանդակությանը, և՛ տնտեսական անկման մեղմմանը միտված քայլերի տրամաբանությունից:
Քննարկման առարկա են դարձել աջակցության իմպլեմենտացիայի գործիքակազմին՝ հատկացման կարգին, ժամկետին, չափին վերաբերող և այլ հարցեր: