«Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու»,-այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»:
Վարչապետը նորից ասաց, որ ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա կոչ է անում կառավարությանը հնարավորություն տալ զբաղվել այս հարցով: «Ես 2018 թվականին ասել եմ, որ, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում, ես խնդիրներ ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու առումով, քանի որ այդ գործունեության նպատակը կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ:
Եվ ուրեմն մեր պետության, երկրի շահերից է, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Ես հիմա խոսում եմ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությամբ, և եթե ի հայտ կգա տեղեկատվություն, որ այս տեղեկատվությունը գլխիվայր կշրջի, ես կաշկանդված չեմ: Ամուլսարի հարցում ներգրավված կողմերը տարբեր շահերի դաշտում են, իմ դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ որևէ շահի դաշտում չեմ, բացի Հայաստանի հավասարակշռված շահի պաշտպանումը և սպասարկումը, և այս իրավիճակում ես երաշխավորում եմ, որ կարող եմ հանդես գալ 100 տոկոսով ՀՀ շահը սպասարկու դիրքերից»,-ասաց նա: