Դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ոտքի արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև «ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Տիգրան Թ․-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում վայր ընկնելու ժամանակ՝ ոտքը երկաթին հարվածելու հետևանքով։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում նշված կրթահամալիրի հարակից տարածքում նույն կրթահամալիրի ուսանողներ Տիգրան Թ․-ի և 15-ամյա Ա․ Ա․-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս իր ձեռքին եղած եղունգկտրիչի սուր-կտրող մասով անկանոն շարժում է կատարել և պատահաբար վնասել Տ․ Թումանյանի ձախ ոտքը։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված եղունգկտրիչի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։