ՀԴԲ-ն հրապարակել է Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողի առաջին լուսանկարը։
Լուսանկարում պատկերված է Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնը, որը, ենթադրաբար, կրակել և սպանել է ակտիվիստին Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ, գրում է գերմանական Bild պարբերականը ։
Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսն այսօր ելույթ է ունեցել, որում հայտարարել է, որ Քըրքի սպանությունը «ոչ միայն մեկ անձի, այլև բոլորիս վրա հարձակում է»։
«Բռնությունը ողբերգություն է, որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Ներկա պահին մենք բռնություն ենք տեսնում ամբողջ երկրում։ Սակայն քաղաքական բռնությունը տարբերվում է ցանկացած այլ տեսակի բռնությունից։ Այն խեղդում է կարծիքի և խոսքի ազատությունը։ Ես երբեք այսքան զայրացած և վհատված չեմ եղել, որքան վերջին մի քանի ժամվա ընթացքում»,- հայտարարել է Քոքսը։
Ըստ նրա՝ ենթադրյալ մարդասպան Թայլեր Ռոբինսոնը համալսարանում Քըրքի ելույթին մասնակցելուց կարճ ժամանակ առաջ հարազատներին ասել է, որ բլոգերը «լի է ատելությամբ»։ Իշխանությունները պնդում են, որ կրակոցի ժամանակ օգտագործված հրացանի փամփուշտի վրա փորագրված էր «Հեյ, ֆաշիստ, բռնիր» գրառումը։
New York Times գրում է, որ Ռոբինսոնը ձերբակալվել է Յուտա նահանգի Սենտ Ջորջ քաղաքում՝ Զայոն ազգային պուրակի մոտ, քոլեջի տարածքից մոտ 250 մղոն հարավ-արևմուտք, որտեղ կրակել էին Քըրքի վրա: Ռոբինսոնն, ըստ տեղեկությունների, իր ընտանիքին խոստովանել է, որ ինքն է Քըրքին սպանել: