Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ծախսերը։
Նա Վաշինգտոնում ԴՊՀ կենտրոնակայանի թանկարժեք վերանորոգումը անվանել է որպես պոտենցիալ վատնման օրինակ։ «Քանի որ ի վերջո այդ ամենը հարկատուների փողն է, ես կարծում եմ, որ մենք պետք է անպայման ուսումնասիրենք՝ արդյո՞ք Դաշնային պահուստային համակարգը իսկապես 2,5 մլրդ դոլար է ծախսում ինտերիերի դիզայների վրա»,- մեջբերել է Bloomberg-ը նրա խոսքերը:
Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային ստուգումը: Մասկը սկզբում հայտնել էր այն մասին, որ ակնկալում է կրճատել պետական ծախսերը 2 տրլն դոլարով: