Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ երկարատև սերտ համագործակցության համար պարգևատրվել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։ Գրառումն ամբողջությամբ ստորեւ․
Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Գործընկերներիս եմ ներկայացրել ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իմ մոտեցումները: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները: