Տեսալսողական մեդիայի մասին օրենքը կարգավորում է ամբողջ դաշտը, ցպահս գործող կարգավորումները մեծամասամբ գալիս են ապահովելու հեռուստառադիո բովանդակության որակը, հիգիենան հանրային մուլտիպլեքսի տարածքում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացնելիս նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Նոր տեխնոլոգիաները գալիս են ավելացնելու մի քանի այլ շերտեր, հանրությանը մատուցելու հեռուստառադիո բովանդակությամբ հաղորդումներ կամ ծրագրեր, սրանք մի կողմից նոր հնարավորություններ են ստեղծում հեռուստադիտողի համար, մյուս կողմից ռիսկեր և մարտահրավերներ։ Այս փաթեթը գալիս է խորությամբ, բովանդակությամբ անդրադառնալու արդեն հաջորդ շերտին, այն է՝ ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումներին կամ հեռուստածրագրերին։
Այս նախագծով մենք փորձել ենք հանգամանալից և հիմնավոր կերպով տալ բացվածքը արգելված հեռուստակոնտենտի։
Այս օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը,
բռնություն և դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը,
ազգային ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու,
տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը,
պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը,
քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։
Ուղիղ եթերի ժամանակ սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է։
Կարգավորող պետական մարմինը քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններին։
Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա, հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-ից մինչև 6:00–ն։
Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակության տարածումը»,–ասաց նախարարը։
Բացի այդ, սահմանվում է, որ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին արգելվում է հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը։
«Մենք փորձել ենք այս փաթեթում այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ կգան փակելու հնարավոր բոլոր ռիսկերը, իսկ արդեն խախտումների պարագայում հանձնաժողովի համար շատ հստակ իրավական հենք կունենանք որևէ սանկցիոն գործողություն իրականացնելու համար»,– հայտարարեց ԲՏԱ նախարարը։