Չինաստանը խորը դժգոհություն և վճռական բողոք է հայտնում ԱՄՆ մուտք գործելիս չինական ընկերությունների աշխատակիցների վերջին անհիմն ձերբակալությունների և հարցաքննությունների կապակցությամբ: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Դիվանագետի խոսքով՝ վերջին շրջանում ԱՄՆ իրավապահ մարմինները բազմիցս իրականացրել են չինական ընկերությունների աշխատակիցների տևական ու անհիմն հարցաքննություններ, ձերբակալություններ և արտաքսումներ: Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ իրավապահների մեթոդները դաժան են, կոպտորեն խախտում են Չինաստանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև խաթարում են երկու երկրների միջև բնականոն գործարար փոխանակումների և համագործակցության մթնոլորտը:
«Չինաստանը խիստ դժգոհություն և վճռական բողոք է արտահայտում այս կապակցությամբ», - ասել է դիվանագետը։
Լին Ցզյանը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել չինական ընկերությունների աշխատակիցների անհիմն հարցաքննությունները՝ ընդգծելով, որ Պեկինը կշարունակի ձեռնարկել վճռական և արդյունավետ միջոցներ՝ Չինաստանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: