Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, օգտագործել է իր կապերը, որպեսզի Ջեֆրի Էփշթեյնի մասնավոր ինքնաթիռին թույլատրվի վայրէջք կատարել թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) բազաներում։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերին։
ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հունվարի 30-ին հայտարարել է Ջեֆրի Էփշթեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հաշվի առնելով վերջին հրապարակումը՝ բացահայտված տվյալների ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն ֆայլը, ներառյալ փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կապված են այժմ հանգուցյալ ֆինանսիստի՝ սեքս-թրաֆիքինգի ոլորտում կատարած հանցագործությունների հետաքննության հետ։
«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորն օգտագործել է կապերը, որպեսզի Ջեֆրի Էփշթեյնի մասնավոր ինքնաթիռը կարողանա վայրէջք կատարել թագավորական ռազմաօդային ուժերի բազաներում։ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված էլեկտրոնային նամակում Էփշթեյնը խոստովանում է, որ նախկին դուքսը կազմակերպել է իր մասնավոր ինքնաթիռի վայրէջքը Մարհեմ ավիաբազայում», — նշված է հոդվածում։
Պարբերականը մեջբերում է մի հաղորդագրություն, որն Էփշթեյնի հանրային կապերի մենեջեր Թոմաս Մալիգանը ստացել էր Telegraph-ի թղթակցից: Դրանում թղթակիցը հարցնում է, թե ինչպես է ֆինանսիստի ինքնաթիռը վայրէջքի թույլտվություն ստացել թագավորական ռազմաօդային ուժերի բազայում և արդյոք դրանում ներգրավված է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորի եղբայրը: Մայք Սիտրիկը՝ այն անձանցից մեկը, ում Մալիգանը վերահասցեագրել էր թղթակցի հաղորդագրությունը, այն ուղարկել էր հենց Էփշթեյնին, որն էլ, իր հանցակից Գիսլեն Մաքսվելի հետ իրավիճակը քննարկելիս, հաստատել էր, որ դա ճիշտ է:
Էնդրյուն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է սկանդալի կենտրոնում՝ Էփշթեյնի հետ ունեցած կապերի պատճառով: 2025 թվականի դեկտեմբերի սկզբին թագավոր Չարլզ III-ը իր եղբորը զրկել է բոլոր տիտղոսներից:
2019 թվականին Էփշտեյնին Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել անչափահասների սեռական շահագործման և այս հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ՝ սպառնալով ավելի քան 40 տարվա ազատազրկման։ 2019 թվականի հուլիսի վերջին հաղորդվել է, որ Էփշտեյնին «կիսագիտակից» վիճակում գտել են իր բանտախցում, որը հետագայում մահացել է։ Հետաքննությունը պարզել է, որ նա ինքնասպան է եղել։