Սաղմոսավանք վանական համալիրի Սուրբ Սիոն եկեղեցում, Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, կատարվել է հերթական միասնական ժամերգությունը:
Թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը համախմբված այս սրբազան վանքում՝ միասիրտ իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ լի հույսով, որ այս աղոթքը դառնա կենդանի սերմ մեր սրտերում, պտղաբեր լինի բարի գործերով և առաջնորդի մեզ դեպի քրիստոնեական սիրո ու համբերության ճանապարհը։
Ներկաներն աղոթք են բարձրացրել անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:
Ժամերգության ավարտին իր խոսքն է ներկաներին ուղղել Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Տեր Հայրը, խոսելով մշտարթուն աղոթելու կարևորության մասին, նշել է. «Մենք աղոթք ենք բարձրացնում իրենց տնից, օջախներից հեռու գտնվող հոգևորականների, մեր զավակների և եղբայրների համար։ Աղոթք ենք բարձրացնում նաև նրանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու ու մորը ջուր տալու կարիք ունեն։ Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի»:
Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:
Փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում: