Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ին:
«Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։
Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։
Հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։
Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Վարակի տարածման առումով բարձ ռիսկային երկրներ են համարվում՝ Քամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թայլանդը։
Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով.
- անախտանիշ.
- սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով.
- էնցեֆալիտներով.
- տարբեր նյարդաբանական խանգարումներով։
Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
1. Օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ:
2. Օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք:
3. Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից:
4. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
5. Կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ:
Հաշվի առնելով, որ ՀՀ տարարծքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են»,- ասված է հաղորդագրության մեջ: