Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում 43 չվերթ հետաձգվել է, ևս 14-ը՝ չեղարկվել։ Այս մասին են վկայում օդային նավահանգստի առցանց տաբլոյի տվյալները, գրում է «Կոմերսանտ»-ը:
Հյուսիս-արևմտյան տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուշացումների պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են։
Մասնավորապես, հետաձգվել են դեպի Վոլգոգրադ, Դուբայ, Մոսկվա, Կալինինգրադ, Սոչի, Մուրմանսկ, Տոմսկ, Ուֆա և Տաշքենդ մեկնող չվերթները։ Չեղարկվել են դեպի Մոսկվա, Ստամբուլ և Չեբոքսարի չվերթները։ Տրանսպորտային դատախազությունը վերահսկում է ուղևորների իրավունքների պահպանումը և նրանց՝ դաշնային ավիացիոն կանոններով նախատեսված ծառայություններով ապահովումը։
«Ռոստրանսնադզորը» (Տրանսպորտի բնագավառում վերահսկողության դաշնային ծառայություն) իր հսկողության տակ է վերցրել «Պուլկովոյի» շուրջ ստեղծված իրավիճակը և իրականացնում է մոնիթորինգ։ Ինչպես հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, օդանավակայանում գործում է թռիչքների անվտանգության ապահովման և ուղևորների իրավունքների պահպանման ուժեղացված հսկողության ռեժիմ։
«Ֆրենսիս» ցիկլոնը Սանկտ Պետերբուրգ է բերել 26 սմ բարձրությամբ ձյունակույտեր, Telegram-ալիքում գրել է տարածաշրջանային Հիդրոմետկենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կոլեսովը։ Նրա խոսքով՝ տեղումների ինտենսիվությունը կնվազի միայն հունվարի 10-ի ցերեկը։