Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ շարունակում է լինել Վենեսուելայի նախագահը, տեղեկացնում է Fox News-ը:
Ինչպես հաղորդվում է՝ Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղավորությունը՝ կոկաինի ապօրինի շրջանառության գործով։
Մադուրոյի փաստաբանը Նյու Յորքի դատարանին հայտնել է, որ ներկա պահին չի պահանջում գրավի դիմաց ազատ արձակել իր հաճախորդին։
Նշվում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտպանական թիմը դատարանին տեղեկացրել է, որ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու համար դիմելու են ավելի ուշ։
Իր հերթին Նյու Յորքի դատավորը հրամայել է Մադուրոյին մարտի 17-ին ներկայանալ դատարան՝ լսումների համար։
Մադուրոն դատական նիստի ժամանակ նշել է, որ նախկինում չի տեսել մեղադրական եզրակացությունը և չգիտի իր իրավունքները։
Մադուրոյի կնոջ պաշտպանական թիմն էլ հայտարարել է, որ նա վնասվածքներ է ստացել առևանգման ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։