Մոլորակի խոշորագույն մեգապոլիսը, հաշվի առնելով արբանյակային լուսանկարներն ու մարդահամարի տվյալները, չինական Գուանժոուն է։ Զարմանալի է, բայց ընդամենը կես դարում դրա բնակչության թիվն աճել է գրեթե 20 անգամ․ սա Չինաստանի թռիչքաձև տնտեսական վերելքի արդյունքն է։ 1975 թվականից ի վեր Գուանժոուի բնակչությունն ավելացել է 40,9 միլիոնով, ինչը համադրելի է ողջ Կանադայի բնակչության թվի հետ։
Աճը հատկապես արագ է եղել 1990-ականներին, երբ առևտրի և արդյունաբերության զարգացումը կտրուկ արագացրեց բնակչության ներհոսքը, տեղեկացնում է Naked Science-ը։ Գտնվելով Մարգարտագետի դելտայում՝ Հոնկոնգից հյուսիս, Գուանժոուն դարձել է տարածաշրջանի առանցքային նավահանգիստը և կարևորագույն տրանսպորտային հանգույցը։
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան՝ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսության «սիրտը», նույնպես մասշտաբային ընդլայնում է ապրել։ Վերջին հիսուն տարում քաղաքի բնակչությունն աճել է 29 միլիոնով և այսօր կազմում է 38,1 միլիոն։
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին 398 տոկոս աճ է գրանցել, ինչին նպաստել են բնակչության եկամուտների ավելացումն ու ակտիվ ներքին միգրացիան։ Սպասվում է, որ մինչև 2030 թվականը քաղաքը ևս երկու միլիոն բնակիչ կընդունի, իսկ դրա բնակչությունը կհասնի 33,3 միլիոնի։