00:00:00

Մեր հարաբերություններում բարդ փուլ է. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

23:01, 26 դեկտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Չնայած բարդ փուլին և արտաքին ներգործությանը՝ հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց էությունը։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան TIME» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ամփոփելով 2025 թվականը` Մոսկվայի և Երևանի հարաբերությունների համատեքստում։
 
«Մեր հարաբերություններում բարդ փուլ է։ Դրանք չեն կարող մեկուսացված լինել տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներից, և մենք զգում ենք այդ ներգործությունը։ Կարևոր է, որ պահպանվի այն առանցքայինը, որը մեր հարաբերությունների հիմքն է։ Կցանկանայի ակնկալել, որ չնայած բոլոր խնդիրներին ու դժվարություններին՝ մենք կպաշտպանենք այդ հարաբերություններն արտաքին գործոնների անբարենպաստ ներգործությունից։ Ամբողջ տարվա ընթացքում երկու կողմից էլ քաղաքական կամք է դրսևորվել հարաբերությունները պահպանելու համար», - նշել է դիվանագետը։
Նա նաև հավելեց, որ այդ հարաբերությունների երկուստեք կարևորության ըմբռնման մասին է վկայում քաղաքական երկխոսության բավական ակտիվ դինամիկան. տարվա ընթացքում եղել են փոխադարձ այցեր, բարձր մակարդակի շփումներ: Մասնավորապես, փոխայցելություններ են իրականացրել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները, Երևանում է եղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, օրերս Հայաստանի վարչապետը եղել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի են ունեցել ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով հանդիպումներ, կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը:
 
Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց՝ ռուսաստանյան կողմը միշտ հստակ հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանը դիտարկել և դիտարկում է որպես դաշնակից երկիր, իսկ հայերին՝ որպես եղբայրական ժողովուրդ:
 
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության գրեթե 50 տոկոսով նվազմանը (ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրը 2025 թվականին կարող է կազմել 6 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը 2024 թվականի համեմատ կրկնակի քիչ է), ապա, դեսպանի կարծիքով, դա մտահոգության տեղիք չի տալիս, քանի որ 2024 թվականին հակառուսական պատժամիջոցների պատճառով վերաարտահանման հաշվին վիճակագրությունը կտրուկ աճել է (2021 թվականին ՌԴ - ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմում էր մոտ 2.5 մլրդ դոլար, իսկ ռազմական հատուկ գործողությունը սկսվելուց ի վեր այն գրեթե ամեն տարի կրկնապատկվում էր-խմբ.):
 
Կոպիրկինի խոսքով` չնայած երկրների միջև ապրանքաշրջանառության նվազմանը, այնուամենայնիվ, այն ունի բարձր դինամիկա (Հայաստանի առևտրի 35%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին)։
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր