Այսօր ժամը 17։00–ին Մայր Աթոռում տեղի կունենա Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով՝ նոր կազմով։
Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարել էր, որ նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։
Ըստ տեղեկությունների՝ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից կաթողիկոսի որոշմամբ հեռացվել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը։
Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: