ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունենում:
Իր հերթին դաշինքի մամուլի խոսնակ Հրանտ Ավետիսյանը հայտնել է, ոև «Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում այս պահին խուզարկություններ են ընթանում: Թե ինչ գործի շրջանակներում՝ դեռ հայտնի չէ։ Դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի տանը խուզարկություն տեղի չի ունենում։
Հիշեցնենք, որ «Հաղթանակ» դաշինքը (Սևակ Խաչատրյան) ընտրություններում ստացել էր 10,051 քվե՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։