Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում գնահատել է սկանդալային դրվագը, որը տեղի է ունեցել ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Կրասնոդար» — «Ախմատ» (2:0) խաղում:
Խաղի վերջնամասում բախում է տեղի ունեցել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև: 85-րդ րոպեին Նդոնգը ստացել է կարմիր քարտ՝ Սպերցյանին հարվածելու համար: Խաղից հետո սենեգալացին «Матч ТВ»-ին ասել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը իր հասցեին ռասիստական արտահայտություն է արել, ինչն էլ իրեն դրդել է հարվածել: Սպերցյանի խոսքով՝ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ ինքը որևէ անպարկեշտ խոսք չի ասել:
«Կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է քննեն այս հարցը: Իհարկե, իրավիճակը տհաճ է: Մյուս կողմից, ես չեմ սիրում խաղացողներին, ովքեր ընկնում են մեկ հպումից: Նդոնգի կողմից հարվածն այնպիսին չէր, որ Սպերցյանը ընկներ: Դե, շրթունքդ պատռվեց, բայց մնա ոտքերիդ վրա, եղիր տղամարդ: Չի լինում այնպես, որ կոնֆլիկտ առաջանա առանց պատճառի: Հնարավոր է՝ երկուսն էլ մեղավոր են, բայց դա պետք է պարզեն համապատասխան մարմինները», — ասել է Գրիշինը «Ֆուտբոլից հետո Գեորգի Չերդանցևի հետ» հաղորդման եթերում:
Ավելի վաղ ՌՊԼ-ը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՍ) իրավասու մարմինները կքննեն Սպերցյանի և Նդոնգի միջադեպը՝ ներգրավելով բոլոր հասանելի ապացույցները և ուսումնասիրելով կողմերի դիրքորոշումները:
Աղբյուրը՝ Armsport.am: