Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ՝ նրանց մեղադրելով արցախցիներին` իրենց տները լքելու կոչեր անելու մեջ:
«Չնայած սա հիմնականում քննարկվեց գործող իշխանության` Արցախի հանձնումն արդարացնելու և պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ, սակայն փաշինյանական թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ:
Ի վերջո, գործող կառավարիչը դեռ 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում` հիմք դնելով Արցախի հանձնմանը, որին հաջորդեց Արցախի բլոկադան ու ադրբեջանական հարձակումը:
Արցախցիները մեծ զոհողությունների գնով 9 ամիս ապրել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, դեղորայքի ու նույնիսկ հացի խիստ սահմանափակման և ճգնաժամի պայմաններում, հետո տեղի է ունեցել մարտական գործողություններ, ապա ստեղծված խուճապի պայմաններում ՊԲ պահեստում ողբերգական պայթյունը գրանցվեց, որոնք միասին 500-ից ավելի մարդկային կորստի են բերել, մի քանի տասնյակ մարդու ճակատագիր մնացել է անհայտ:
Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, որն էլ պահը չի կորցնում ի շահ Ադրբեջանի աշխատելու»,- նշել է Աբրահամյանը։