«Շաբաթ օրը համացանցում տարածված ավտոբուսի տեսանյութին՝ տեղեկացնեմ, որ տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի հետևանքով առաջացել է մեծ քանակի ծուխ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Հայգեր» մակնիշի երթուղային ավտոբուսը Մյասնիկյան պողոտայի ողջ երկայնքով երթևեկելիս արտանետել է մեծ քանակությամբ թունավոր ծուխ։
Կիրակոսյանը հայտնեց, որ շահագործման կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն։
Տեղեկացնելով, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել հավաքակայան՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն ասաց. «Տեղի ունեցածն անթուլատրելի է միջադեպի կապակցությամբ մեր հանրությունից ներողություն եմ խնդրում»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց.« Պարոն Կիրակոսյան, իրականում շատ վախենալու պատկեր էր, այնպիսի տպավորություն էր, որ այն ինքնաթիռ է և տուրբիններից մեկը վառվում է»։
Նա նշեց, որ բոլորը պետք է տեղեկանան, թե ինչ է խոսվում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։