00:00:00

NHB. Ավստրալիայի Կապույտ լեռներում 22 հազար տարվա հնության արտեֆակտներ են հայտնաբերվել

06:33, 23 հունիս 2025 Աշխարհ

Սիդնեյի համալսարանի ավստրալացի հնագետները երկրի արևելքում գտնվող Կապույտ լեռներում հայտնաբերել են վերջին սառցե դարաշրջանի ամենահին բարձրլեռնային բնակավայրի վկայություններ։ Այս հայտնագործությունը շրջում է էքստրեմալ պայմաններում հին աբորիգենների կյանքի մասին պատկերացումները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behaviour (NHB) գիտական ամսագրում։

Թիմն ուսումնասիրել է Դարգանի ապաստարանը՝ ծովի մակարդակից 1073 մետր բարձրության վրա գտնվող ժայռային ապաստարան, որը 22 հազար տարի առաջ ծառայել է որպես կարևոր կանգառի կետ Ավստրալիայի հին բնակիչների համար։ Չնայած սեզոնային սառնամանիքներով խիստ կլիմային՝ մարդիկ հազարամյակների ընթացքում բազմիցս այցելել են այս վայրը։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է 693 քարե արտեֆակտ, այդ թվում՝ ավելի քան 16 հազար տարեկան գործիքներ, ինչպես նաև հնագույն ժայռապատկերներ՝ մանկական ափերի և նախաբազուկների պատկերներ։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում հեռավոր կապերի մասին վկայող գտածոները. որոշ նյութեր ծագում են Ջենոլանի քարանձավներից (50 կմ) և Հանթերի հովտից (150 կմ)։

Փայտածուխի ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ ապաստարանն ակտիվորեն օգտագործվել է 22-19 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում։ Եզակի գտածոների թվում են 13 հազար տարեկան հղկող սալը և ընկույզ մշակելու համար նախատեսված 8,8 հազար տարեկան բազալտե սալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր