Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Սերոբ Գաբրիելյանի, թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալներ Վլադիմիր Դաղբաշյանի և Արեն Փիլոյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»-ին կից փայտե շինությունում։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են փայտե շինության կառուցատարրերը (մոտ 24 քմ), մոտ 10 պահարան և կենցաղային իրեր։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Մեջլումյանը և Էդուարդ Բարսեղյան։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Դավիթ Արամյանի գլխավորությամբ։
Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։