«Ամերիաբանկը» փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանելու նպատակով երկու նոր արշավ է ձեռնարկել, որոնք մեկնարկել են ս․թ․ դեկտեմբերի 8-ից և շարունակվելու են մինչև 2022 թվականի մարտի 31-ը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։
Առաջին արշավի շրջանակում արտոնյալ պայմաններով բիզնես վարկ է առաջարկվում գործարար շրջանակներին՝ սկսած 20 միլիոն դրամից մինչև 150 միլիոն դրամ, երեք արժույթով՝ դրամով, դոլարով և եվրոյով։ Հաճախորդներն առաջին 6 ամսվա ընթացքում չեն վճարելու ոչ միայն տոկոսագումարը, այլև մայր գումարի որևէ մարում չեն կատարելու։ 6 ամիս անց վճարվելիք տոկոսադրույքները ևս արտոնյալ են լինելու։
«Մասնավորապես, 6 ամիս զրո տոկոսադրույք կիրառելուց հետո 7-րդ ամսից սկսած՝ դրամով տոկոսադրույքը լինելու է 11,9 տոկոս, դոլարի դեպքում՝ 7,9 տոկոս, եվրոյի դեպքում՝ 6,9 տոկոս։ Երբ ընդհանուր վարկի ժամանակահատվածի համար հաշվարկում ենք արդյունավետ տոկոսադրույքը, այսինքն՝ առաջին 6 ամսվա զրո տոկոսադրույքը և հետագայում՝ նշված տոկոսադրույքները, արդյունավետ տոկոսադրույքները վարկի ժամկետի համար ստացվում են, համապատասխանաբար, դրամի դեպքում՝ 10,5 տոկոս, դոլարի դեպքում՝ 6,5 տոկոս, եվրոյի դեպքում՝ 5,5 տոկոս։ Տվյալ դեպքում այս տոկոսադրույքներն իսկապես աննախադեպ են»,- վարկի պայմանները ներկայացրեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրենը։
Արման Բարսեղյանը հայտնեց, որ այս վարկի ժամկետը 4-ից մինչև 10 տարի է։
«10 տարին բիզնես-վարկերի պարագայում բավականին երկար ժամանակահատված է, և բիզնեսների ցիկլը հաշվի առնելով՝ ավելին է, որպես կանոն, քան ստանդարտ տարբեր ոլորտների բիզնեսների համապատասխան ցիկլերը»,- նշեց նա։
«Ամերիաբանկը» առաջարկ ունի նաև այն հաճախորդների համար, որոնք վարկեր ունեն այլ բանկերում։ Բանկի կազմակերպած երկրորդ արշավի շրջանակում առնվազն 20 միլիոն դրամի և առավելագույնը 150 միլիոն դրամի վարկ ունեցող փոքր և միջին բիզնես-հաճախորդները կարող են իրենց վարկերը տեղափոխել «Ամերիաբանկ» և ստանալ միանվագ 5 տոկոս գումար, որն անհրաժեշտության դեպքում, եթե տեղափոխության ժամանակ այլ բանկերում որոշակի ծախսեր լինեն, կփոխհատուցի դրանք։
Վարկի տեղափոխությունից հետո, դրա մարման ընթացքում կիրառվելու են մրցակցային տոկոսադրույքներ․ դրամի դեպքում՝ 11,9 տոկոս, դոլարի դեպքում՝ 7,9 տոկոս, եվրոյի դեպքում՝ 6,9 տոկոս։
Ժամկետը, ինչպես նախորդ առաջարկի դեպքում, նույնն է․ նվազագույնը՝ 4 տարի, առավելագույնը՝ 10։
«Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ հաճախորդները կարող են վարկը պարզապես տեղափոխել «Ամերիաբանկ» և մի կողմից՝ ստանալ բավականին արտոնյալ, բավականին մրցակցային տոկոսադրույք, մյուս կողմից՝ վարկի 5 տոկոսի չափով միանվագ գումար, որը, հաշվի առնելով առաջիկա ձմեռային ամիսները, որոնք, որպես կանոն, ավելի պասիվ ամիսներ են լինում, այս ժամանակահատվածի համար հնարավորություն են տալիս իրենց վարկային պորտֆելի 5 տոկոսի չափով միանվագ գումար ստանալ»,- նշեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։