2021թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշների ամփոփում
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Բանկի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը և այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը:
Ամերիաբանկի 3-րդ եռամսյակի գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով, մասնավորապես, ակտիվներ /1,079 մլրդ ՀՀ դրամ/, պարտավորություններ /955 մլրդ ՀՀ դրամ/, վարկային ներդրումներ /660 մլրդ ՀՀ դրամ/, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ /672 մլրդ ՀՀ դրամ/, զուտ շահույթ /14 մլրդ ՀՀ դրամ/ մասով: Կանոնադրական կապիտալի գծով Բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը /54 մլրդ ՀՀ դրամ/:
2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով:
ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ:
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ, որը.
- հնարավորություն է տալիս իր հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր),
- թույլ է տալիս հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում,
- ոչ միայն լուծում է հաճախորդների ֆինանսական կարիքները, այլև առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

