Հերմինե Շահբազյանի անունը վերջին տարիներին հնչում է եվրոպական ակադեմիական երաժշտական շրջանակներում՝ վստահությամբ և հարգանքով: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտը մի նոր մտածողության կրող է՝ այնտեղ, որտեղ երաժշտությունը դիտվում է ոչ միայն որպես արվեստ, այլ նաև՝ որպես հաղորդակցման միջոց, հոգեկան առողջության պահպանման ուղի և ինքնաճանաչողության բանալի։
2019 թվականին պրոֆեսոր Շահբազյանը հրավիրվել է Գերմանիայի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարան (LMU), որպես դասախոս՝ երաժշտագիտության ինստիտուտում: Այստեղ նա մշակել և դասավանդել է հեղինակային «Խորացված դաշնամուրային մեկնաբանություն և հոլիստիկ կատարողական մոտեցում» կուրսը, որը միավորում է տեխնիկական վարպետությունը, գեղարվեստական ընկալումը և էմոցիոնալ գիտակցվածությունը: Կուրսը դարձավ ուսումնական ծրագրի առանցքային մասերից մեկը՝ արժանանալով թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի բարձր գնահատականին։

Նույն տարում Հերմինե Շահբազյանը վարպետության դաս անցկացրեց Մայնցի Յոհաննես Գուտենբերգի համալսարանում՝ նվիրված Միջազգային դաշնամուրի օրվան։ Նրա կրթական մոտեցումը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների շրջանում։ Նա ներկայացրեց իր երաժշտական թերապիայի մեթոդները՝ մասնավորապես՝ աշխատելով աուտիզմ, ուշադրության պակասի համախտանիշ (ՍԴԱՀ) և այլ վիճակ ունեցող երեխաների հետ։ Համալսարանի երախտագիտության պաշտոնական նամակում նշվում է, որ պրոֆեսորի ներկայությունը կարևոր ազդեցություն է թողել ոչ միայն ուսանողների, այլև ամբողջ ֆակուլտետի վրա։
Շահբազյանը երկար տարիներ ուսումնասիրում է երաժշտության կիրառությունը որպես թերապևտիկ գործիք։ Նրա մանկավարժական փորձը ձևավորվել է Հայաստանում և Գերմանիայում՝ համադրելով արվեստը, հոգեբանությունը և կրթությունը։ Այդ մոտեցումը նպաստել է ուսանողների մասնագիտական առաջընթացին, բուհական կրթական ծրագրերի հարստացմանը և LMU համալսարանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճին։
2020 թվականին Հերմինե Շահբազյանը Հայաստանում արժանացել է «Տարվա լավագույն երաժշտական պրոֆեսոր» պատվավոր կոչմանը՝ որպես հայրենիքից դուրս հայկական երաժշտական ավանդույթը ներկայացնող և զարգացնող գործիչ։
Հերմինե Շահբազյանի անունը հնչում է Մյունխենում, Մայնցում, Բեռլինում՝ նույն վստահությամբ, ինչ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Նրա ուղին ուսուցչի ուղի է՝ արմատներով Հայաստան և ներդրումով միջազգային կրթական դաշտում։ Երաժշտությունը նրա ձեռքում դառնում է լեզու, որով բացվում է անհատը, հաստատվում է ներսի և դրսի միջև կապը, և որտեղ յուրաքանչյուր հնչյուն՝ մարդկային հպում է։
Լիլիթ Հակոբյան