Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանն՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց։
«Եթե հիշում եք՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը համապատասխան իրենց եզրակացություններում նշել էին, որ 300.1 հոդվածը որոշակիության հետ կապված խնդիր ունի։ Անգամ նշել էին, որ դա երևի թե պայմանավորված է թարգմանության հետ։ Կարծում եմ, այդ պայմաններում սպասելի էր բոլորի համար, ովքեր օբյեկտիվ դատական ակտի էին սպասում, իսկ որ ՍԴ-ն օբյեկտիվ դատական ակտ է կայանելու որևէ կասկած չկա»։
Անդրադառնալով մեղադրանքի վերաորակման հնարավորությանը՝ նա նշեց, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքը առկա է, քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով։ «Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական՝ դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի՝ վերաորակման մասին խոսելն ավելորդ է։ Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից մեկով հետո փորձեն այդ մեղադրանքը վերաորակել։ Եթե չգործող հոդվածով մեղադրանք են առաջադրում, դա չեղա՞վ, որ այդ մեղադրանքի համար հոդված գոյություն չունի։ Դրանք փոխկապակցված են միմյանց հետ։ Անձին պետք է Քրեական օրենսգրի համապատասխան հոդվածով մեղադրանք առաջադրվի։ Եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ։ Այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի»։
Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է կարծում, ի՞նչ պետք է անի դատավոր Դանիբեկյանը՝ արդյոք պետք է կարճի գործը։ «Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավարի վարույթում գտնվող քրեական գործին»։