Երեկ Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։
Ընդունելով հյուրին՝ Փաշինյանն այսպես է դիմել նրան․ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար․․․»։
Նիկոլ Փաշինյանի՝ Բակո Սահակյանին որպես մարզպետ դիմելաձևը սոցցանցերում բուռն քննարկման թեմա է դարձել։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այս թեմային, irakanum.am-ի հետ զրույցում նշեց` Փաշինյանի ու Սահակյանի հանդիպմանն ինքը ներկա է եղել` ընդամենը մի քանի մետր հեռու է գտնվել և լսել է` Փաշինյանը Արցախի նախագահին դիմելիս չի ասել պարոն մարզպետ:
«Մենք նույնիսկ այդ տեսագրությունն ենք մի քանի անգամ լսել. Փաշինյանը չի ասել պարոն մարզպետ, ասել է «հարգելի' պարոն նախագահ, հարգելի' պարոն Սահակյան»: Տեսագրությունում ձայնը մի քիչ անհստակ է, բայց կրկնում եմ` Փաշինյանը մարզպետ բառը չի ասել այդ բառը տեսագրությունում էլ չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով այն հարցին, թե հանդիպման ընթացքում տեղադրված էր միայն Հայաստանի դրոշը և ինչու Արցախի դրոշը չկար, Դավիթ Բաբայանը նշեց` այդ հարցով պետք է դիմել արարողակարգերի պատասխանատուներին:
Դավիթ Բաբայանը նշեց` առհասարակ կարելի է մի նոր մշակույթ ձևավորել և բոլոր պաշտոնական հանդիպումներին դնել և' Հայաստանի, և' Արցախի դրոշները:
«Կարծում եմ` արժե մտածել այս մասին և այսպիսի մշակույթ ձևավորել, որպեսզի, ոչ միայն Հայաստան- Արցախ, այլև մյուս պաշտոնական հանդիպումներին Հայաստանի դրոշի կողքին դնեն նաև Արցախի դրոշը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը