Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը:
Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:
Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները և այլ նյութեր:
Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։
Ռազմավարությամբ ամրագրված են հետևյալ ռազմավարական նպատակները՝
- էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում.
- Հաջորդ ռազմավարական նպատակը Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է.
- Նախատեսվել է Սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում.
- Ռազմավարական նպատակ է նախատեսվել Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում.
- Նախատեսվել է Իրավապահ համակարգի բարեփոխմանն ուղղված ռազմավարական նպատակ.
- Նախատեսվում է Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում.