Օրեր առաջ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (ՈւՄԱ) հետ բանակցությունների արդյունքում եկել են փոխշահավետ համաձայնության՝ Հայաստան ժամանող ու այդ երկրից մեկնող «ՈւՄԱ» ուղևորների համար ավիատոմսերի գները զգալիորեն նվազեցնելու մասին, ընդ որում՝ գները նվազեցվել են բոլոր ուղղություններով:
Լուրը թերևս առաջին հայացքից շատ ոգևորիչ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե նվազել են Երևան-Կիև և հակառակ ուղղությամբ ամեն տեսակի թռիչքների գները, սակայն իրականում ամեն բան այլ է: Մարդիկ հիմա էլ շարունակում են նույն գնով Երևանից Կիև մեկնել, ինչ նախկինում, չնչին տարբերությամբ, որն էլ պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի տատանմամբ:
Մեր զրուցակցի խոսքով, օրինակ՝ անցած տարի այս ժամանակահատվածում երկկողմանի ուղղությունն արժեր 130 հազար դրամ, իսկ այս տարի` 126 հազար դրամ. «Մի քանի հազար դրամի տարբերությունը հնարավոր է` կապված լինի կուրսի հետ: Իսկ հիմա, քանի որ նաև գործում է առանց ուղեբեռի տարբերակը, այն երկու ուղղության համար արժի 86 հազար դրամ, իսկ մեկ ուղղությունը 58.700 դրամ է: Այնպես որ, հայտարարությունը, թե Երևան-Կիև կամ Կիև-Երևան ուղղությունների համար տոմսի գները նվազել են, ճիշտ չէ, պարզապես ավելացել է առանց ուղեբեռի տարբերակը, որը նախկինում Կիևի համար չի եղել»,- ընդգծեց գործակալության աշխատակիցը:
Նշենք, որ դեսպանի գրառման տակ տասնյակ գովաբանական մեկնաբանություններ էին արվել, որոնցում օգտատերերն իրենց շնորհակալությունն էին հայտնում և նշում, որ հպարտանում են նրանով, և բոլոր մտահոգիչ կարծիքներին ի պատասխան նշում, որ չնայած դա դեսպանի պարտականությունների մեջ չի մտնում, նա իր աշխատանքի միջոցով կարողացել է հասնել Երևան-Կիև ավիատոմսի գնի իջեցմանը: Եվ այդպես էլ դեսպանի մտերիմներից և փառաբանողներից չեղավ մեկը, ով նշեր, որ ոչ թե տոմսերի գներն են նվազել, այլ պարզապես հիմա սկսել է գործել նաև առանց ուղեբեռի թռիչքի տարբերակը:
Araratnews.am