Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի ազգային ժողովում լսումներ էին հրավիրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի վերաբերյալ: Հրամանագրով նախատեսվում է վերջնաժամկետից հետո ևս 2 տարով երկարաձգել Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Լիբիայում:
Այսպիսով, լսումների արդյունքում ընդունված հրամանագրի համաձայն՝ 2026-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով կերկարի թուրքական զինուժի ներկայության ժամկետը:
Թուրքիայի զինվորները Լիբիայում ծառայություն են սկսել իրականացնել 2019-ի վերջից՝ Լիբայում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Միջազգային համաձայնության կառավարության» հրավերով և վերջինիս հետ համագործակցության համաձայնագրի կնքմամբ: Ռազմական ներկայությունը միտված է անկայունությանը վերջ տալուն, ահաբեկչության դեմ պայքարելուն և Արևելյան Միջերկրականում երկրի հետաքրքրությունները և տնտեսական շահերը պաշտպանելուն:
Հիշեցնենք, որ Լիբիայում թուրքական զինուժի ներկայության ժամկետների երկարաձգման մասին վերջին որոշումը կայացվել էր 2023-ի նոյեմբերի 30-ին: Դրանով սահմանվել էր, որ 2024-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով Թուրքիան կշարունակի պահպանել իր ռազմական ներկայությունն այնտեղ: