00:00:00

Մարզպետ Սարգսյանի «բերած» «խոպանչի» խորհրդականը չորսից-վե՞ց անշարժ գույք ունի. «Ժողովուրդ»

09:25, 11 դեկտեմբեր 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում կադրային սովն ամեն անգամ ավելի ընդգծված է արտացոլվում, երբ ուսումնասիրում ենք պաշտոնյաների՝ իրենց հետ պաշտոնի բերած անձանց կենսագրությունը եւ ունեցվածքը:

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր օգնական, ապա խորհրդական, իսկ այժմ տեղակալ է նշանակել Ջանիկ Բազեյանին, ով մինչ քաղաքական դաշտում հայտնվելը 4 տարի՝ 2014-2018 թվականներին, աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում եւ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «խոպանչի» է եղել:

2018 թվականից մինչեւ 2020 թվականը հարցական է, թե Բազեյանն ինչով է զբաղվել. կենսագրության այս 2 տարին բաց է թողնված։

2020 թվականից սկսվող կարիերայում Բազեյանը, երբեւէ պետական պաշտոն չզբաղեցնելով, վերադարձել է հայրենիք եւ միանգամից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում դարձել կոմիտեի նախագահի օգնական։

Իսկ այդ ժամանակ նախագահը ներկայիս մարզպետ Կարեն Սարգսյանն էր։

2021 թվականին, երբ Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Ջանիկ Բազեյանը տեղափոխվեց մարզպետարանի աշխատակազմ՝ շուրջ երեք տարի աշխատելով որպես մարզպետի օգնական։ 2024 թվականին նա երկու ամսով անցավ խորհրդականի պաշտոնին, իսկ նույն տարվա մարտից նշանակվեց մարզպետի տեղակալ։ Բազեյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է, սակայն կուսակցության անդամ չէ։

Ինչ վերաբերում է փոխմարզպետի ունեցվածքին, ապա նրա կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում նշված է, որ նա ունի հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ Բազեյանը ծնունդով հենց Ջրվեժից է։ Հողամասերից երեքը նա նվիրատվություն է ստացել երեք անձանցից, որոնք, ըստ անվանումների, ամենայն հավանականությամբ իրեն հարազատ մարդիկ են։

2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում սխալ կա։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույք՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով եւս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։ Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։

2023 թվականի հայտարարագրում Բազեյանը նվիրատվություն ստացած միայն 2 հողամասն է հայտարարագրել, այնինչ պետք է հայտարարագրեր նվիրատվություն ստացած 3 հողամաս։

Բացի դրանից, նա հայտարարագրել է 4 գույք։

Անհամապատասխանություններն այնքան շատ են, որ խճճվել կարելի է։

Հաջորդ տարվա՝ 2024 թվականի հայտարարագրում գույքերը դարձել են 5-ը։

Մարզպետի օգնական դառնալուց մեկ տարի անց Բազեյանը ձեռք է բերել Nissan մակնիշի մեքենա, որն արժեցել է 3 մլն դրամ։

Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 197 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 950 հազար դրամ։

Բազեյանի հաշվետու տարվա միակ եկամուտը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված աշխատանքի վարձատրությունն է՝ 10 մլն 693 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 446 հազար դրամ, որից 26 մլն 97 հազար դրամը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հարկ է նշել, որ նախորդ հայտարարագրի համաձայն՝ բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել էր 10 մլն 627 հազար դրամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր