«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացրած «նախկինացավն» այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում «Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը»։
Սա ասում է մեկը, որը, բառի բուն իմաստով, ուղնուծուծով եղել է այդ «հակապետական» ընթացքի մեջ։ Ժաննա Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից է, այլեւ հենց բովանդակություն ստեղծողներից է եղել․ ԾԻԳ-ի երկարամյա աշխատակից` ԾԻԳ տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ:
Ահա. «2003-2004 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ»:
Այսինքն՝ եղել է այդ «հակապետական» ծրագրի անմիջական եւ հնազանդ իրականացնողը։