Այս պահին Գյումրիում չորս հոգու տեղափոխեցին ՁՊՎ, բնականաբար կտանեն կալանքի հարցի քննարկման, ևս 18 հոգի քննչականում են, կան նաև նոր բերման ենթարկվածներ ըստ իմ աղբյուրների։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
՛՛ՁՊՎ տեղափոխվածների մեջ էր նաև Ռուբեն Մխիթարյանը, հնարավորություն ունեցա մի քանի վարկյան տեսնելու, դուխը տեղն էր՛՛,-նշել է նա:
Նշենք, որ այս պահին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի հարցը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց՝ ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։