Հնդկաստանն ու Չինաստանը մտադիր են արդեն սեպտեմբերին վերսկսել ուղիղ չվերթները, քանի որ երկու երկրները ձգտում են տարիների լարվածությունից հետո վերականգնել քաղաքական հարաբերությունները, գրում է Hindustan Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հնդկական կառավարությունն, ըստ տեղեկությունների, երկրի ավիաընկերություններին խնդրել է հնարավորինս շուտ նախապատրաստել չվերթներ դեպի Չինաստան, իսկ պաշտոնական հայտարարությունը, հավանաբար, կարվի անմիջապես այս ամսվա վերջին Չինաստանում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից հետո։
Աղբյուրները հայտնել են, որ IndiGo-ին արդեն խնդրել են սկսել նախապատրաստական աշխատանքները։
Հնդկաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկումից հետո, ինչը ստիպել էր ուղևորներին օգտվել Հոնկոնգի կամ Սինգապուրի հանգույցներով անցնող չվերթներից։
Երկու ասիական երկրների միջև դիվանագիտական կապերը նոր ցածրակետի հասան նաև 2020 թվականի հունիսին, երբ սահմանային բախումներ սկսվեցին Լադակխի արևելքի Գալվան հովտում։
Բախումների հետևանքով զոհվել էր 20 հնդիկ զինվոր և առնվազն չորս չինացի զինծառայող։ Բախումների ֆոնին Նյու Դելին մի շարք միջոցառումներ ձեռնարկեց Պեկինի դեմ, դրանց թվում՝ արգելեց չինական 59 բջջային հավելվածներ։ Չինաստանն արգելքը որակել էր «խտրական» և քննարկում էր հարցը Առևտրի համաշխարհային կազմակերպություն բարձրացնելու հնարավորությունը։
Անցյալ ամիս Հնդկաստանը հայտարարեց չինացի քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների վերականգնման մասին, ինչը քայլ է երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք հասել էին իրենց ամենացածր կետին Իրական վերահսկողության գծի (LAC) երկայնքով ռազմական դիմակայությունից հետո։ Կասեցումից առաջ հնդկական ավիաընկերություններն, դրանց թվում՝ Air India-ն և IndiGo-ն, ուղիղ չվերթներ էին իրականացնում երկու երկրների հիմնական քաղաքների միջև։
Շաբաթական գործում էր տասնյակից ավելի ուղիղ չվերթներ, որոնք կապում էին Պեկինի, Շանհայի, Գուանչժոուի և Կունմինգի նման քաղաքները Նյու Դելիի, Մումբայի և Կալկաթայի հետ։ Չինական ավիաընկերությունները, մասնավորապես՝ Air China-ն, China Southern-ը և China Eastern-ը, նույնպես իրականացնում էին ուղիղ չվերթներ։ Հնդկաստանը և Չինաստանը այս տարվա հունվարին առաջին անգամ սկզբունքորեն համաձայնեցին վերսկսել ուղիղ չվերթները։
Երկրները համաձայնեցին նաև խրախուսել մարդկանց միջև շփումները, հատկապես լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների միջև։
Հնդկաստանի արտգործնախարար Վիկրամ Միսրիի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հանդիպման ժամանակ ընդունված որոշումը ներառում էր նաև 2020 թվականից կասեցված Կայլաշ Մանսարովար Յատրայի ուխտագնացության վերսկսումը։
Վարչապետ Նարենդրա Մոդին, ինչպես սպասվում է, յոթ տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Չինաստան՝ մասնակցելու համարվ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել Տյանցզինում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին։ Չինաստանը ողջունել է վարչապետ Մոդիի սպասվող այցը։