Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվածները վտանգ չեն ներկայացնում այլոց համար: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ Յոն Տհե Հոն:
«Նման հիվանդների հետ շփում ունեցած մարդկանց վարակի փոխանցման դեպքեր չեն գրանցվել: Մենք չենք գտել ապացույցներ առ այն, որ նրանք կարող են վարակել ուրիշներին»,- մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ համավարակի սկսվելուց ի վեր երկրի իշխանությունները հայտնաբերել են կորոնավիրուսով կրկին անգամ վարակման 447 դեպք: Նա ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, նման դեպքերը հայտնվել են առկա ախտորոշիչ մեթոդների անկատարության պատճառով, երբ վիրուս են համարվել արդեն մահացած վիրուսի մնացորդներն օրգանիզմում: