Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է բողոք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ սոցիալական ցանցերում իրենց դեմ վիրավորական գրառումների պատճառով, ասել է կուսակցության պատգամավոր Իրակլի Կիրցխալիան, ինչպես մեջբերում է Sova-ն։
Պատգամավորի խոսքով՝ բողոքի նպատակն է «ապահովել, որ ապագայում ոչ ոք չկարողանա հանրային տարածքում տարածել ապակառուցողական, ծայրահեղ վիրավորական հայտարարություններ, որոնք ուղղված են ատելություն հրահրելուն, պետական ինստիտուտները վարկաբեկելուն և ահաբեկչություն տարածելուն»։
«Այս բողոքը, որը այսօր կներկայացվի Ներքին գործերի նախարարություն, վերաբերում է սոցիալական ցանցերում և հանրային տարածքում քաղաքական գործիչների դեմ հրապարակված ամենակեղտոտ հայտարարություններին և վիրավորանքներին։ Մենք չենք անվանում (նրանց անունները), բողոքում նշված է յուրաքանչյուր հասցեատեր, և հենց որ գերատեսչությունները ստանան դրանք, հավատացեք ինձ, նրանք իրենք կարձագանքեն», - ասել է նա։